Առողջության նյութերի հետ կապված հարցերի դեպքում կամ առողջապահական խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապնվել Առողջության ծառայության բաժնի պատասխանատու Գրացիա Կուլակովայի հետ: Էլ. հասցե՝ graciyakulakova@yandex.ru
ՅՕԱ Եկեղեցու առողջապահության հետ կապված հավատամքը
Յոթերորդ օրվա ադվենտիստները հավատում են, որ քրիստոնյաները պետք է մտահոգվեն իրենց առողջության համար ոչ թե ծիսական կամ օրինական նկատառումից ելնելով, այլ՝ գործնական, քանի որ միայն առողջ մարմնով նրանք կարող են ավելի լավ ծառայել Աստծուն և այլոց: Առողջության սկզբունքների վրա շեշտը դնելու պատճառը առողջությունն է: Առողջությունը կապ ունի կրոնի հետ, որպեսզի մարդիկ, ունենալով պարզ միտք, կարողանան հասկանալ Աստծո կամքը և, ունենալով ուժեղ մարմին, կարողանան կատարել Աստծո կամքը:
Յոթերորդ օրվա ադվենտիստները հավատում են, որ մարդկային բնության երեք կողմերը՝ ֆիզիկական, բանական և հոգևոր, մեղսագործությունից հետո անկում են ապրել: Հիսուսը եկել է վերականգնելու կորցրածը և կամենում է փրկել ամբողջական մարդուն (Ղուկաս 19.10): Իր երկրային ծառայության ընթացքում Քրիստոսը այս երեք կողմերն էլ շոշափեց: Նա քարոզեց երկնային արքայությունը (հոգևոր), բժշկեց հոգեկան հիվանդներին (բանական) և բժշկեց ֆիզիկապես հիվանդներին (ֆիզիկական):
Բացի մեր Տիրոջ աստվածային օրինակից ՅՕԱ Եկեղեցին Նոր Կտակարանում գտնում է այլ հատվածներ առողջ և ուժեղ մարմնի կարևորության վերաբերյալ: Օրինակ, Պողոսը գրել է. «Արդ աղաչում եմ ձեզ, եղբարք, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի, սուրբ և Աստծո ընդունելի պատարագ, որ է ձեր բանական պաշտոնը» (Հռոմ. 12.1): «Կամ թե չգիտե՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեզանում է, որ նրան Աստծուց ունեք և ձերինը չեք: Որովհետև մեծ գնով գնվեցիք. ուստի փառավորեցեք Աստծուն ձեր մարմնում» (Ա Կորնթ. 6.19-20): Նա, հավատալով Քրիստոսի մոտալուտ գալուստին, սովորեցնում է, որ մարդը լիովին իրեն նվիրաբերի Աստծուն: «Եվ ինքը խաղաղության Աստվածը ձեզ սուրբ անի բոլորովին և ձեր բոլոր հոգին և շունչը և մարմինը անարատ պահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալը» (Ա Թեսաղ.5.23):
Առողջության գաղտնիքները
«Կամ թե չգիտե՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են` որ ձեզանում է,
որ նորան Աստվածանից ունիք. և ձերինը՛ չեք» Ա Կորնթ. 6.19։
Լինել Աստծո տաճար։ Իսկապես, ինչպիսի հանդիսավոր միտք է` մեր մարմինները Աստծո
և Սուրբ Հոգու տաճարներ են։ Աստված բնակվում է մեր մեջ, ինչպես որ Նա բնակվում է Իր
սուրբ տաճարում կամ եկեղեցում։ Ցավալի է, որ շատերի համար այս բառերը ոչ մի նշանակություն
չունեն։ Սա հստակորեն ցույց է տալիս, որ Աստծո և Իր ստեղծած մարդկային էակների միջև
գոյություն ունի հոգևոր հարաբերություն։ Ուրեմն` կրոնը և առողջությունը իրար հետ կենսականորեն
փոխկապակցված են։ Մարդու ապրելակերպը մեծապես ազդում է աստվածապաշտության վրա։ Ավետարանի
ճշմարտությունն է` լավ առողջությունը նախապայման է Քրիստոսին դիմավորելու համար։
Մարդ արարածն այնքան է զբաղված իր գոյությունը պահպանելու համար այս կյանքի
հոգսերով, որ ժամանակ չունի և նույնիսկ ցանկություն չունի մի պահ կանգ առնելու և մտածելու,
թե ինչո՞ւ է ինքն ապրում, ո՞ւմ են պետք իր բոլոր գործերը և ո՞ւմ են օգուտ տալիս։ «Ինչպես
որ նա ելավ իր մոր որովայնիցը, մերկ էլ ետ կդառնա, կգնա ինչպես եկել էր. և մի բան վեր
չի առնի իր աշխատանքից, որ կարող էր տանել իր ձեռքին։ Սա էլ է մի վատ ցավ, որ բոլորովին
ինչպես որ եկավ այնպես էլ գնալու է, և նրան ի՞նչ օգուտ կա, որ աշխատեց քամու համար։
Նա իր բոլոր օրերը խավարումը կուտի, մեծ վշտով, ցավով և բարկությունով» Ժողովող
5.15-17։
Մարդն, ով արհամարհում է առողջության օրենքները` մեծ վնաս է հասցնում իրեն,
իր ընտանիքին ու հասարակությանը։ Հագուրդ տալով իր փչացած բնության ցանկություններին`
մարդը մաշվում է, քանի որ վատ սովորությունների գերին է, և չի հասկանում, որ իրեն աստիճանաբար
սպանում է։ Ամենասարսափելին այն է, որ ոչ ոք այդ առումով անգամ կասկածներ չունի։ Մարդիկ
շարունակում են հավատալ, որ վաղն ավելի լավ կլինի, քան այսօր։ Բայց եթե մարդիկ վճռական
փոփոխություն չկատարեն իրենց կյանքում, մտածելակերպում և չփոխեն իրենց վերաբերմունքը
Աստծո օրենքի` ազատության օրենքի նկատմամբ, ապա շատ շուտով մարդկությունը կայլասերվի
և կհանգի ինքնաոչնչացման։
Սատանան` ամեն ճշմարտության ու արդարության նենգ թշնամին պահում է մարդկանց
հիպնոսի ազդեցության տակ` գամված մեղքի չվաններով իր կառքին, որով աշխարհին տանում
է անխափան կործանման։ Այդ բռնակալի իշխանությունից ազատման միակ փրկությունը` հավատով
ընդունել Հիսուս Քրիստոսին որպես անձնական Փրկիչ և Նրա բարոյական ու ֆիզիկական օրենքներին
հնազանդվել։ Խաչի վրա Քրիստոսը ջախջախեց սատանայի գլուխը և այսօր ուժ է տալիս ամեն
հավատացյալի` կոտրատել ստրկական շղթաները, հաղթել ամեն մի մեղք ու վատ սովորություն
և դառնալ Աստծո ազատ զավակ։ Աստված, որ մեր երկնավոր Հայրն է, կամենում է, որ Իր երկրավոր
զավակները «ամեն բանի մեջ հաջող և առողջ լինեն» Գ Հովհ. 2։
Լավ առողջությունը կօգնի մեզ, որ Աստծո և մարդկանց հանդեպ մեր կրկնակի պարտականությունը
հավատարմությամբ կատարենք։ Այն կառաջնորդի մեզ իրական և տևական երջանկության ու հաջողության։
Նա, ով իրապես առողջ է` տեր է անգնահատելի հարստության։
Թող յուրաքանչյուր ընթերցողի նշանաբանը լինի զսպվածության մրցակից Պողոս առաքյալի
հորդորը. «Ուրեմն` թե ուտեք թե խմեք, թե ինչ գործ էլ որ անեք, ամեն բան Աստծո փառքի
համար արեք» Ա Կորնթ. 10.31։
Ներքոհիշյալ առաջարկվող միջոցները շատ պարզ են, բայց պարտադիր են յուրաքանչյուրիս
համար` ՄԱՔՈՒՐ ՕԴ, ՋՈՒՐ, ԱՐԵՎԻ ԼՈՒՅՍ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ, ՍՆՈՒՆԴ,
ՀԱՆԳԻՍՏ, ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԱՌ ԱՍՏՎԱԾ։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ այդ միջոցները
չեն կարող ազդել առողջական վիճակի, գիտակցության վրա և ամոքել մարդկային ճնշված հոգին։
Սակայն անհրաժեշտ է որոշ ժամանակ համբերություն և կամքի ուժ դրսևորել` կատարելու այս
պարզ և հստակ կանոնները։ Տարիներ շարունակ մարդը քայքայել է իր տաճարը, և հիմա մի քանի
օրում անհնար է այն վերականգնել։ Մի վհատվեք, եթե չի ստացվում։ Հավատ ու կամքի ուժ
խնդրեք Աստծուց` աղոթքով և սկսեք նորից։ Շուտով Դուք մեծ հրաշք կվերապրեք Ձեր կյանքում`
հարություն մեռյալներից։ «Երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արեց Քրիստոսի
հետ» Եփեսացիս 2.5։
Ջուր
Առողջությունը կախված է շատ գործոններից, բայց ոչ մի գործոնը այդքան կարևոր չէ, ինչպես ջուրը։ Մարդու ինչպես ֆիզիկական այնպես էլ հոգեկան առողջությունը կախված է այն բանից, թե որքան ջուր է օգտագործում։
Մեծ մարդը 60% բաղկացած է ջրից, իսկ երեխան 75%: Արյան 92%, մկանների 75% և ոսկորների 22% բաղկացած է ջրից: Ջուրը կազմում է մեր ուղեղի 85%–ը և երբ այն պակասում է, մարդիկ ասում են՝ «ուղեղը չորացել է»։ J
Ջուրը անհրաժեշտ է մարսողության, թքի և արցունքի արտադրման, ջերմակարգավորման, ճկունության, առողջ մաշկի համար և առանց որի օգնանիզմի կենսագործունեությունը անհնարին է։ Ջուրը մի քանի գործառություն ունի՝ լուծողական, արտաթորման, փոխադրման:
Ջուրը մարմնի ջերմաստիճանի գլխավոր կարգավորիչն է: Այն նաև գտնվում է քսուքային նյութի մեջ, օրինակ, հոդերը աշխատում են քսուքի շնորհիվ:
Լոմա Լինդա համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 5–6 բաժակ մաքուր ջուր խմելը կարող է նվազեցնել ինֆարկտի ռիսկը: «Ջրի անբավարար քանակը կարող է նույնքան վնասակար լինել սրտի համար ինչպես ծխելը»,- նախազգուշացնում է դոկտոր Ժակլին Չենը:
Գիտնականները կատարել են հետևյալ փորձը. մի խմբի մարդկանց տվել են բավականաչափ ջուր, իսկ մյուս խմբին՝ սահմանափակ քանակով: Հետևանքն եղել է այն, որ երկրորդ խմբի մարդկանց մոտ առաջացել են ճնշված տրամադրություն, հոգնածություն և չարության նշաններ:
Ով խմում է 6 բաժակ ջուր, 41%-ով ավելի քիչ ռիսկ ունի սրտի կաթվածի, քան նա, ով խմում է երկու բաժակ ջուր: Ջուրը բուժում է գլխացավը, քանի որ ջրի պակասի դեպքում ցավում է գլուխը:
Ջրի պակասի դեպքում բարձրանում է ստամոքսի թթվայնությունը։ Բավականաչափ ջուր խմողների մոտ 45%–ով ավելի պակաս է մարսողական տրակտի և 50%-ով միզափամփուշտի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Ջրի յուրաքանչյուր բաժակը նվազեցնում է 7%–ով քաղցկեղով հիվանդանալու ռիսկը:
Խմե՛ք մաքուր ջուր, միջինը օրական 5–8 բաժակ ըստ ձեր քաշի, իսկ ֆիզիկական աշխատանք կատարելիս և շոգ ժամանակ՝ ավելի շատ:
Ջուրը արտաքուստ
Ջուրը ոչ միայն խմելու, այլ նաև արտաքուստ օգտագործելու համար է պետք:
- Ջրի օգտագործումը առողջագիտական (հիգիենիկ) նպատակներով:
Երկար դարերի ընթացքում մարմնի լվացումը համարվում էր անօգուտ և վտանգավոր: Մարդիկ դադարել էին լողանալ և, որպեսզի խլացնեին մարմնի հոտը, քսում էին տարբեր անուշահոտություններ:
Մաշկը ծակոտիների միջոցով դուրս է բերում խարամները (շլակներ) և, եթե դրանք ջրով չլվանալ, նորից կներծծվեն: Մաշկը արտաթորող օրգան է, այն արտաթորում է աղեր, ճարպեր, միզանյութ և ամիակ: Ջրային պրոցեդուրաները մաքրում են մաշկի ծակոտիները կեղտից ու մանրէներից, տալիս են թարմություն ողջ մարմնին, ուժեղացնում են իմունիտետը մրսածության հիվանդությունների դեմ և վերջնական իմաստով տալիս են մաքրություն և առողջություն:
Ժամանակ առ ժամանակ պետք է այդ արտաթորումները լվանալ մաշկից, թեկուզ դրանք որոշակի քանակով պետք են մաշկին pH պահելու և դրա առողջ միկրաֆլորայի համար։ Չափից ավելի մաքրասիրությունը խախտում է մաշկի միկրաֆլորան և նվազեցնում է իմունիտետը:
- Ջրի առողջարար ազդեցությունը
Լոգանք ընդունելու, լողանալու ժամանակ ջուրը ազդում է մաշկի ընկալիչների վրա, քանի որ մաշկի վրա կան ընկալիչներ, որոնք ընդունում են ջրի շփումից եկող գրգռիչները: Այս պրոցեդուրաները նշանակալիորեն փոխում են օրգանիզմի քիմիական և ֆիզիկական ջերմակարգարվորումը, բարձրացնում են հիմնական փոխանակումը, արագացնում են իմունիտետի հիմքում ընկած ֆիզիկաքիմիական ռեակցիաների ընթացքը, փոխում են վեգետատիվ և կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը: Սրանք նույնպես կարգավորում են էնդոկրինային համակարգի գործառությունը:
Ովքեր սովորել են ամեն օր լողանալ, գիտեն և զգում են դրա օգուտը։ Տաք կամ սառը ջուրը բարձրացնում է տրամադրությունը, և երբ մարդ իրեն զգում է մաքուր ու առողջ,աշխարհին նայում է կենսուրախ ու վստահ։
Ֆիզիկական ակտիվություն
Բոլորը գիտեն, որ ֆիզիկական ակտիվությունը օգտակար է օրգանիզմի համար։ Բայց քչերն են հասկանում, թե որքան կարևոր է այն մեր առողջությանը։ Ֆիզիկական վարժությունները նույնքան անհրաժեշտ են, որքան ջուրը, հացը և քունը։ Ճիշտ պարապմունքները ձեզ կօգնեն ավելի շատ, քան շատ դեղերը։ Քիչ շարժուն ապրելակերպը կարճ ճանապարհով տանում է դեպի վաղաժամ մահ։
Մկանային աշխատանքը «հանգստացնում է» նյարդային համակարգը, հանում է լարվածությունը: Արտադրվում են էնդորֆիններ՝ երջանկության հորմոններ, որոնք և բարձրացնում են տրամադրությունը:
Ֆիզիկական ակտիվության ազդեցությունները՝
Լավացնում է սրտի աշխատանքը և սիրտանոթային համակարգը.
Լավացնում է արյան շրջանառությունը.
Կարգավորում է ճնշումը.
Ուժեղացնում է իմունիտետը.
Բարելավում է մարսողությունը.
Լավացնում է էնդոկրինային համակարգի աշխատանքը.
Իջեցնում է արյան շաքարը.
Վերացնում է սթրեսի հետևանքները և բարձրացնում է տրամադրությունը.
Կարգավորում է մարմնի քաշը, կանխարգելով ավելորդ քաշը.
Կանխում է քաղցկեղը.
Լավացնում է քունը.
Լավացնում է մտավոր ունակությունները.
Դանդաղեցնում է ծերացման պրոցեսը։
Անկախ ձեր զբաղվածությունից որոշում ընդունեք հատուկ ժամանակ հատկացնել ֆիզիկական մարմնամարզություններին։
Ֆիզիկական ակտիվություններից ամենաէժանն ու ամենահասանելին բոլոր տարիքների համար քայլելն է։ Մարմնամարզության այլ ձևերն են լողը, հեծանիվ քշելը, այգում աշխատելը և այլն։ Միայն չմոռանաք մարզվել աստիճանաբար, ըստ ուժի և մշտական: Եթե ունեք հիվանդություններ, ապա խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
Արևի կենսարար ճառագայթներ
Արևի լույսը բարենպաստ ազդեցություն է թողնում մարդու վրա: Արևի լույսից կարող է փոխվել մեր տրամադրությունը, մեր ինքնազգացողությունը, մեր առողջությունը: Դրանից է կախված մեր ոսկորների ամրությունը, արյան ճնշումը, սիրտանոթային համակարգի աշխատանքը, իմունային համակարգի վիճակը: Արևի լույսի շնորհիվ է առաջանում վիտամին D մեր մաշկում: Երբ արևի շողերը կպնում են մեր մաշկին, անմիջապես սկսվում է սինթեզվել վիտամին D: Այդ վիտամինի պակասությունը շատ տարածված երևույթ է ժամանակակից աշխարհում, քանի որ մարդը հիմնականում գտնվում է շենքում՝ աշխատանքի, ուսման վայրում կամ էլ տանը: Որպեսզի մարդը լինի առողջ անհրաժեշտ է ամեն օր 15-30 րոպե ստանալ արևի լույս: Բացեք ձեռքերը իսկ գլուխը ծածկեք, որպեսզի արևահար չլինեք, մեղմ արևի ճառագայթների ժամանակ կարելի է գլխաբաց էլ լինել: Ստացեք արևի լույս առավոտյան կամ երեկոյան ժամերին, երբ արևի շողերը մեղմ են: Իհարկե, չմոռանաք չափավորության մասին, պետք չէ վառվել արևի տակ, դա էլ է վնասում:
Գիտությունը շատ հետազոտություններ է արել այդ ոլորտում, ծանոթացեք մի քանի փաստերի հետ:
— Ռևմատոիդային արտրիտով հիվանդների 58%–ի մոտ ցածր է վիտամին D:
— D վիտամինը անբավականաչափ ունեցող մարդիկ 40%–ով ավելի բարձր ռիսկ ունեն հիվանդանալու սիրտանոթային հիվանդությամբ:
— Վիտամին D–ի պակասը առաջացնում է դեպրեսիա: Արևի ճառագայթների ազդեցությունից ավելանում է էնդորֆինների քանակը, սրանք էլ բարձրացնում են մարդու տրամադրությունը:
— Շաքարախտով հիվանդներին բաժանել են խմբերի: Մի խմբին տվել են վիտամին D, իսկ մյուսին՝ ոչ: Երեք ամիս հետո այն խմբի մոտ, որ չէր ստացել այդ վիտամինը, շաքարը 91%–ով բարձրացել էր արյան մեջ, իսկ մյուս խմբի մոտ՝ 7%–ով ցածրացել: Նաև, վերջիններիս մոտ շատ դրական փոփոխություններ են տեղի ունեցել: Վիտամին D նաև պետք է երեխաներին, որպեսզի իրենք էլ չհիվանդանան շաքարախտով։
— Վիտամին D պայքարում է գրիպի, տուբերկուլյոզի, քաղցկեղի, բորբոքման դեմ, արագացնում է վերքերի բուժումը: Արևի լույսը ակտիվացնում է հենց այս զարմանահրաշ իմունային համակարգը: Արյան T–լիմֆոցիտ բջիջները, որոնք պայքարում են հիվանդաբեր միկրոօրգանիզմների դեմ, կարիք ունեն վիտամին D–ի: Սրանք ռեցեպտորներ ունեն այդ վիտամինի համար, և երբ դա միանում է բջիջներին, վերջիններս ակտիվանում են: Եթե վիտամին D բավարար չէ արյան մեջ, բջիջները մնում են պասիվ և տեղի չի ունենում հարկ եղած իմունային պատասխանը: Եվ մեր օրգանիզմը չի կարողանում հաղթահարել մանրէներին, վիրուսներին և քաղցկեղի բջիջներին:
Ինքն Աստվածաշունչը ասում է մեզ. «Եվ քաղցր է լույսը, և ախորժելի է աչքին տեսնել արևը»: Ժողովող 11. 7: Հաճախ վայելեք արևի մեղմ շողերը:
ՄԱՔՈՒՐ ՕԴ
Երբևիցե մտածել եք, որ մենք ապրում ենք մեր երկրագունդը շրջապատող օդի օվկիանոսի
հատակում։ Սովորաբար մենք չենք մտածում, թե որքան հրաշալի կերպով է Աստված հոգում մեր
բոլորի կարիքները։ Մենք կարող ենք ապրել առանց կերակուրի մի քանի շաբաթ և առանց ջրի
մի քանի օր։ Սակայն որքան կապրենք, եթե օդի այս օվկիանոսը, որում մենք ապրում ենք,
հանկարծ անհետանա։ Մեկ կամ երկու րոպեից մենք բոլորս կկորցնենք գիտակցությունը, իսկ
հինգ, վեց րոպե անց բոլորս կմահանանք։ Արդյոք չարժե՞ մտածել, որ այն ամենն, ինչ անհրաժեշտ
է մեր կյանքի համար շարունակաբար ու առատորեն շնորհվում է մեզ` առանց փողի և առանց
վճարի։ Օդն երկնքի անվճար օրհնությունն է։
Մենք պետք է մշտապես մեր մարմինները մատակարարենք մաքուր օդով` պահպանելով
մեր արյունը մաքուր և առողջ, հանգստացնելով մեր նյարդային համակարգը, մեր թոքերը պահելով
առողջ վիճակում։
Առաջին բանը, որ երեխան պետք է անի` շնչելն է։ Օդը «կյանք» է նորածնի համար։
Երեխաներին անհրաժեշտ է հնարավորության դեպքում ամեն օր վազել, խաղալ մաքուր օդում։
Դա կօգնի նրանց լինելու առավել կենսուրախ, առողջ և երջանիկ։
Մաքուր, թարմ օդը բարձրացնում է ախորժակը, բարելավում արյան շրջանառությունը,
թարմացնում մարմինը, նպաստում մարսողությանը, ապահովում խոր քուն, իսկ հիվանդներին`
առողջություն պարգևում։ Այն մտքին տալիս է հանդարտություն ու խաղաղություն։ Բոլորի
տները պետք է պահվեն մաքուր և օդափոխված։ Վարագույրները պետք է բացվեն` թույլ տալու
արևի լույսին` սենյակները լցնելու կենսատու տարրերով։ Մենք պետք է գիշերը քնենք պատուհանը
բաց, երբ դա հնարավոր է։ Թարմ օդը մեր քունը կդարձնի առավել հանգստացնող և լարվածությունից
զերծ։
Եթե մեկը հիվանդ է և ստիպված է անկողնում պառկել, ապա սենյակը չպետք է փակված
լինի այնպես, որ հիվանդը շնչի նույն օդը կրկին ու կրկին։ Թարմ օդում առկա թթվածինը
կօժանդակի արագ ապաքինմանը։ Մաքուր, թարմ օդն արյան կայուն շրջանառություն է ապահովում`
թարմացնելով մարմինն և դարձնելով այն զորեղ ու առողջ։ Այն նպաստում է նյարդերը հանգստացնող
խորն ու առողջ քնին, ինչպես նաև մարմնի օրգանների հանգստին։
Ներշնչած թթվածինը ներծծվում է արյան մեջ և փոխանցվում հյուսվածքների բոլոր
մասնիկներին` նպաստելով նյութափոխանակությանն ու կյանքին և օրգանիզմից ավելորդ տարրերի
արտաքսմանը։ Անհրաժեշտ է.
ա) մեր տանը օդափոխության միջոցով առատ, մաքուր օդի հոսք ապահովել,
բ) մեր բնակարանի շուրջը պահել մաքուր` հեռացնելով աղբի դեզերը և այլ ամեն
տեսակ աղտեղությունները.
գ) տան մեջ խիստ մաքրություն պահպանել, հատկապես ննջասենյակներում, ամեն առավոտ
օդափոխել անկողիններն ու վերմակները։
Առաջարկվում է հետևյալ գերազանց վարժությունը խոր շնչառության համար։ Կանգնեք
գլուխը բարձր, ուսերը ետ գցված, և փորը ձգված վիճակում։ Ձեռքերը դրեք գոտկատեղից վեր`
կողոսկրին, մատները բացված վիճակում դեպի ողնաշարը։ Դա կնպաստի թոքերի ներքևի մասի
ընդարձակմանը` կանխելով թոքերի վերին մասի սովորական մակերեսային շնչառությունը։ Այս
վարժությունը ինչպես հարկն է կատարելու դեպքում ուսերը չպետք է բարձրանան ու իջնեն,
իսկ կրծքավանդակը պետք է աշխատի։ Ներշնչեք քթով, զգալով թոքերի լայնացումն ու կրծքավանդակի
ընդարձակումը։ Վերցրեք որքան հնարավոր է շատ օդ։ Հետո վերցրեք մի փոքր էլ, մի փոքր
էլ ու հետո մի փոքր էլ։ Պահեք օդը մեկ, երկու վայրկյան։ Բերանով արտաշնչեք ողջ օդը։
Ապա օդը դուրս սեղմեք մի փոքր էլ, մի փոքր էլ և մի փոքր էլ։ Այս վարժությունը կրկնեք
երեք անգամ` առավոտյան և երեկոյան, հնարավորության դեպքում` բացօթյա պայմաններում։
Եթե դա լինի Ձեր օրակարգի հիմքում, ապա այս վարժությունը կմեծացնի թոքերի կենսական
տարողությունը և կնպաստի դիմադրողականության բարձրացմանը` ցրտի և վարակիչ հիվանդությունների
դեմ։
Մաքուր օդը և տնային բույսերը
Արդեն նախորդ անգամ մենք խոսեցինք մաքուր օդի մասին, թե որքան կարևոր է շնչել չաղտոտված օդ, և նշեցինք նաև տան օդի մասին, թե որքան այն լեցուն է թունավոր նյութերով։ Երկրի վրա մենք ունենք օդը թույներից ֆիլտրող օգնականներ՝ բույսեր: Եվ տանը օդը նույնպես ֆիլտրում են թույներից տնային բույսերը: Բնակարանում գտնվող բույսերը ոչ միայն գեղեցկացնում են սենյակը, այլ նաև մաքրում օդը: Այն տներում, որտեղ կան բույսեր, օդը 40%-ով ավելի մաքուր է, քան այնտեղ, որտեղ չկան: Սակայն բույսերը պետք չէ դնել ննջասենյակում, քանի որ դրանք մեզ նման գիշերը շնչում են թթվածին ու արտաշնչում ածխաթթու գազ:
Պահե՛ք տնային բույսեր և ձեր բնակարանը կլինի գեղեցիկ և կունենաք առողջ միջավայր: